Օլանզապին դեղի որակից դժգոհության կապակցությամբ կիրականացվի կենսահամարժեքության փորձաքննություն
Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց մի խմբի կողմից տեղական արտադրության օլանզապին դեղի որակից շարունակվող դժգոհության և դրա փոխարեն միայն ամերիկյան արտադրության զիպրեքսա դեղի պահանջ բարձրացնելու կապակցությամբ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանձնարարել է Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին իրականացնել նշված երկու դեղի կենսահամարժեքության փորձաքննություն։
Փորձաքննությունը կիրականացվի շահառուների երկու տարբեր խմբի շրջանում։ Տեղական արտադրության բաղադրության կամ որակի դույզն ինչ շեղման հայտնաբերման դեպքում արտադրող կազմակերպությանը կպարտադրվի ապահովել պահանջված որակը և արդյունավետությունը։ Նշենք, որ օլանզապինը նշված երկու դեղի ազդող նյութն է։
Նախարարության կողմից կենտրոնացված գնումներով հայտարարված մրցույթում, ՀՀում գործող «Գնումների մասին» օրենքի պահանջով, հաղթող է ճանաչվել 10 անգամ ավելի ցածր գին ունեցող տեղական արտադրության օլանզապինը։
Նախարարությունը հավելում է, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում դիսպանսեր հսկողության տակ գտնվող հայկական օլանզապին ստացող 198 հիվանդների շրջանում երբևէ որևէ դժգոհություն չի եղել։ Մինչդեռ դժգոհողների փոքրաթիվ խումբը մերժողական վերաբերմունք է դրսևորում նաև հումանիտար ճանապարհով ձեռք բերված կանադական օլանզապինի նկատմամբ։
Փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացվի։