Ստեփանակերտում կայացել է «Սուպեր մամա 2» ֆիլմի առաջնախաղը
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել «Սուպեր մամա 2» կատակերգական ֆիլմի առաջնախաղը։
«Սուպեր մամա 2» ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում կանանց գաղութում: Գլխավոր հերոսներն են հանրահայտ դերասաններ Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը, Անի Խաչիկյանը և այլք: Ֆիլմը պատմում է ընտանիքի կարևորության, հայր և որդի փոխհարաբերությունների մասին, թե ինչպես որդին դժվար պահին կաող է օգնել հորը, ինչպես կարող է ամուսինը զոհել իրեն հանուն կնոջ և ընտանիքի: Այս ֆիլմում ընտանիքի սերը հաղթահարում է բոլոր խնդիրները:
Ստեփանակերտում «Սուպեր մամա 2»-ի ցուցադրությունից առաջ Արցախի հանդիսատեսին տեսաուղերձով ողջունել է ֆիլմի դերասան Հայկ Մարությանը և նշել, որ որոշ պատճառներով չի կարողացել գալ առաջնաղաղին, բայց հետագա ցուցադրություններից մեկին անպայման ներկա կլինի։
«Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի (Աննա Պետրոսյան) հետ զրույցում ֆիլմի մարզային ցուցադրությունների պատասխանատու Տիգրան Վիրաբյանն ասել է, որ իրենք հենց սկզբից ամեն ինչ արել են, որ ֆիլմը ցուցադրվի Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև Արցախում։ «Կան տեղեր, որոնք ֆիլմի ցուցադրության համար չունեին դահլիճային հատուկ պայմաններ։ Այդ պատճառով էլ մենք բարձր որակով ֆիլմ ցուցադրելու համար, մարզերում ստեղծում ենք բոլոր հնարավորությունները: Արցախում այդ խնդիրը չկա: Ֆիլմի ավարտից հետո տարբեր տարիքային խմբի ու սեռի պատկանող հանդիսատեսի դեմքի ժպիտն արդեն խոսում է այն մասին, որ այն դուր է եկել նաև արցախցի հանդիսատեսին»,- մանրամասնեց Տ․ Վիրաբյանը։
Մարզային ցուցադրությունների պատասխանատուն նաև նշեց, որ հանդիսատեսի մեծաքանակ հոսքը, որ կա դեպի կինոթատրոններ, ստիպում է՝ ամեն անգամ մտածել, որ իրենք ճիշտ ուղու վրա են և պետք է կարողանան մարզերի բնակչությանը նույնպես անմասն չթողնենլ այն մշակութային երևույթներից, որոնք տեղի են ունենում մայրաքաղաքում:
«Ես ստեղծագործական ֆիլմի աշխատանքներին միանում եմ միայն հետարտադրական գործընթացում, բայց այդ գործընթացի հաջողությունց դուրս գալով պետք է ասեմ, որ այս ֆիլմը արտադրողները գիտեն՝ ինչպես ձեռքը դնել ժամանակի զարկերակի վրա և ինչպիսի ֆիլմ ստեղծել, որը հետաքրքիր լինի հանդիսատեսի համար։ Ֆիլմի ցուցադրությունից օրեր առաջ սպառվում են բոլոր տոմսերը, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ տեսել են, թե այս ոճի մեջ ինչպես է աշխատում մեր ստեղծագործական խումբը»,- պարզաբանել է Տ․ Վիրաբյանը և ավելացրել, որ «Սուպեր մամա 2»-ը ֆիլմ է, որը տեղիք է տալիս մտածել շատ հարցերի շուրջ, այնպիսի իրավիճակների մասին, որոնք ստիպում են վերջնականապես հասկանալ, թե ինչքան կարևոր է ընտանիքը։
Կինոթատրոնի մենեջեր Արթուր Կարապետյանն էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 8–ից սկսած ֆիլմը կցուցադրվի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում։