«Ճի՞շտ է, որ Դուք հսկայական դղյակ եք կառուցում Մոնումենտում». Զարուհի Փոստանջյանի հարցումը Կարեն Կարապետյանին
Հարգելի պարոն Կարապետյան,
Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, որն ի դեպ հանրային տարածք է և հանդիսանում է «Մոնումենտի անտառ»-ի բաղկացուցիչ մաս, ամրոց-դղյակի հսկայածավալ կառուցապատումն իրականցվում է ձեր կողմից:
Համաձայն Ձեր կենսագրության՝ Դուք ծնվել եք Ստեփանակերտում: Պարզ չէ՝ որտեղ եք անցկացրել Ձեր մանկությունը, որ դպրոցում եք սովորել, պարզ չէ՝ Ձեր մանկության տարիներին արդյոք գիտեիք, որ Երևանում կա «Մոնումենտի անտառ», և որ այն երևանցիների` հատկապես արաբկիրցիների ջանքերով կառուցվել է 1930-ական թվականներին: Մինչ այդ անտառի փոխարեն եղել են ամայի տարածքներ, և ծառերը տնկվել են աստիճանաբար՝ տարիների ընթացքում ծրագրված և կազմակերպված բեղուն աշխատանքի շնորհիվ: Սկզբում այն կոչվել է «Քաղաքային այգի Արաբկիրում», հետագայում ստացել՝ «Մոնումենտի անտառ» ոչ պաշտոնական անվանումը: Այդ այգին իմ և իմ նման շատ շատերի մանկության տարիներին արդեն խիտ անտառի էր վերածվել:
Այս հարցման անհրաժեշտությունը բխում է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված էկոլոգիական ճգնաժամը, քաջ գիտակցելով նման անտառի արժեքն ու տեսնելով դրա ոչնչացումը, հատկապես կարևորելով էկոլոգիական տեղեկատվության դերն ու նշանակությունը: Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ընդգծել՝ երբ մարդը ավերում է հանրային նշանակության արժեքը՝ ի բավարարումն իր անձնական շահի, քաղաքակիրթ և էկոլոգիական գիտելիքներով զինված հանրությունը դա գնահատում է որպես բարբարոսություն, հետամնացություն և տգիտություն:
Ի լրացումն սրա՝ ներպետական և միջազգային իրավական գործիքների նորմերի ուժով՝ ապօրինի ծառահատումը ենթակա է քրեական և վարչական պատասխանատվության:
Ղեկավարվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածի, Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով՝ ցանկանում եմ մանրամասն ծանոթանալ մեր կողմից ստացված տեղեկության և այդ նպատակով հարցմամբ դիմում եմ Ձեզ՝ որպես տեղեկատվություն տնօրինողի և պահանջում՝ տրամադրել համապատասխան տեղեկատվությունը` պատասխանելով հետևյալ հարցերին ու ներկայացնելով պահանջվող փաստաթղթային և իրավական հիմքերը.
Հարց 1
Եթե ձեր մանկությունը չեք անցկացրել Երևանում և չգիտեք «Մոնումենտի անտառ»-ի մասին, իսկ ձեր կենսագրությունից տեղեկանում ենք, որ 1980-1985թթ. սովորել եք Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում և հետագայում աշխատել եք Երևանում, ակնհայտ է, որ պետք է տեղյակ լինեիք «Մոնումենտի անտառ»-ի մասին:
Այս հիմքով խնդրում եմ պատասխանել`
Դուք երազե՞լ եք հանրային ջանքերով, հանրային միջոցների հաշվին և հանրային տարածքում` «Մոնումենտի անտառում» ունենալ դղյակ-ամրոց: Եթե ոչ, ապա ինչպե՞ս եք վերաբերվում այն անձանց, ովքեր ոչնչացրած «Մոնումենտի անտառ»-ի տեղում կառուցում են դղյակ-ամրոցներ:
Հարց 2
Համասփյուռ հայությունը խիստ զայրացած է այնպիսի արատավոր երևույթի փաստով, ինչպիսին կանաչ տարածքների հաշվին համայն հայության մայրաքաղաք Երևանում, տեղի ունեցող կառուցապատումն է:
Այս հիմքով խնդրում եմ պատասխանել`
Ի պաշտոնե տեղեկացված լինելով և քաջ գիտակցելով, որ «Մոնումենտի անտառ»-ը հանրային սեփականություն է և ենթակա չէ օտարման ու ոչնչացման՝ չե՞ք պատրաստվում հասարակության հետ համատեղ նախաձեռնել այն վերադարձնելու գործընթաց:
Հարց 3
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված «Մոնումենտի անտառում» կառուցվող դղյակ-ամրոցը, համաձայն լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով շրջանառվող լուրերի՝ պատկանում է Ձեզ, և Դուք պատրաստվու՞մ եք այնտեղ անցկացնել Ձեր՝ որպես գուբերնատորի օծման և այն նստավայր հռչակելու արարողությունը:
Այս հիմքով խնդրում եմ պատասխանել`
Դու՞ք եք հանդիսանում այդ դղյակ-ամրոցի սեփականատերը: Եթե այո, ապա եր՞բ եք ձեռք բերել հողը և կառուցապատման թույլտվությունը, որքա՞ն է արժեցել ձեռք բերված հողի գինը, որքա՞ն գումար է կազմել դղյակ-ամրոցի գինը, այդ դղյակ-ամրոցը ստացե՞լ է իրավունքի պետական գրանցում: Եթե այո, ապա որքա՞ն է կազմում հողի և գույքի նրա տարեկան հարկը:
Հարց 4
Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված պարիսպի համար որքա՞ն գումար է տրամադրվել:
Հարց 5
Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, հանրային միջոցների հաշվին կառուցված պարսպից ներս ընկած հատվածում` «Մոնումենտի անտառում», կառուցվող դղյակ-ամրոցը պահպանվում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Խնդրում եմ պատասխանել` ինչպիսի՞ ծառայություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունն այդ տարածքում և ի՞նչ հիմունքներով: Որքա՞ն գումար է կազմում ոստիկանության կողմից իրականցվող այդ ծառայությունը:
Խնդրում եմ տեղեկատվություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
(Պատրաստ եմ վճարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանաչափը գերազանցող տեղեկության տրամադրման համար):
Եթե Դուք վերը նշված դղյակ-ամրոցի հետ չունեք առընչություն, ապա այս հարցմանը կից համացանցային հրապարակումների հղումները օգտակար կլինեն հարցմանը ճշգրիտ և համապարփակ պատասխան տրամադրելու համար (տես`
https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665647316834792/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665578066841717/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan,
https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665551940177663/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665532423512948/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665520160180841/,
https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665503796849144/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665501656849358/, https://web.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1665493916850132/):
Հարգանոք՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան