Բաժիններ՝

Քաղաքապետի թեկնածուն այցելել է Թբիլիսիի հայոց եկեղեցի

Հոկտեմբերի 7-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելել է «Վրացական երազանք» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն: Թեկնածուն և նրան ուղեկցող անձինք ներկա գտնվեցին եկեղեցում ընթացող երեկոյան ժամերգությանը:

Հավարտ եկեղեցական արարողության, հյուրերին բարի գալուստի խոսքերով ողջունեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց 19-րդ դարի կառույց Սուրբ Էջմիածին եկեղեցու պատմությանը, արժեվորեց վրացական իշխանությունների հարգալից և բարյացակամ վերաբերմունքը այս երկրի այլազգիների նկատմամբ, որոնց շրջանում է հազարամյակների պատմություն ունեցող վրաց-հայկական բարեկամությունը կամրջող վիրահայ համայնքը: Երկրի իշխանությունների Ժողովրդավարական ակունքներից բխող մոտեցումը այլազգիներին հնարավորություն է ընձեռում պահել, պահպանել իրենց մշակույթն ու ավանդույթները, հոգևոր և մշակութային արժեքները, եկեղեցիներն ու տաճարները:

Վազգեն Սրբազանը ներկաներին շնորհավորեց քաղաքի ավանդական տոնի՝ Թբիլիսոբայի կապակցությամբ և նշեց, որ կոլորիտային քաղաքի գեղեցիկ տոնի բերկրանքը վրաց ազգի հետ միասին կիսում են նաև Հայաստանից, Ռուսաստանից և Արցախից ժամանած բազում հյուրերը, որոնց հոսքը ամբողջ օրվա ընթացքում նկատվում էր նաև հայոց սուրբ տաճարում:

Այնուհետև քաղաքապետի թեկնածու Կալաձեն և նրան ուղեկցող անձինք այցելեցին թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնը:Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը, գործունեության ուղղությունները, այստեղ գործող նախակրթարանն ու կիրակնօրյա դպրոցները, ստեղծագործական խմբերը: «Հայարտուն» կենտրոնի ղեկավարը Կախա Կալաձեին նվիրեց Սայաթ-Նովա եռալեզու ալբոմը: Հյուրերը շրջայց կատարեցին սրահներում, ներկա գտնվեցին դուդուկի խմբի պարապմունքին:

Քաղաքապետի թեկնածուի և մյուս հյուրերի պատվին առաջնորդի «Հայարտուն» կենտրոնի նստավայրում կատարվեց հյուրասիրություն:

Վիրահայոց թեմի պաշտոնական էջ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս