Գիտնականները կատուներին մեղադրում են Ավստրալիայի հազվագյուտ թռչուններին ոչնչացնելու մեջ
Ընտանի կատուներն օրական ավելի քան 1 մլն թռչուն են ոչնչացնում Ավստրալիայի տարածքում, այդ թվում նաեւ փետրավորների 71 տեսակի առանձնյակների, որոնց այսօր անհետացում է սպառնում: Այդ մասին ասված է Biological Conservation հանդեսում հրապարակված հոդվածում:
«Մենք բոլորս գիտենք, որ կատուները մշտապես սպանում են թռչուններին, բայց մենք ցույց ենք տվել, որ ամբողջ մայրցամաքի մակարդակով նրանց զոհերի թիվը պարզապես ուղեղում չի տեղավորվում: Ամենայն հավանականությամբ կատուներն ուղղակիորեն նպաստում են թռչունների բազմաթիվ տեսակների թվաքանակի կրճատմանը: Մենք առաջարկում ենք «անկատու գոտի» ստեղծել նրանց փրկելու համար»,-հայտարարել է Ավստրալիայի Չառլզ Դարվինի համալսարանի աշխատակից Ջոն Վոյնարսկին:
Ինչպես նշում են գիտնականները, այսօր Երկրի վրա, բացի մարդկանցից, գերակշռում են նաեւ այն կենդանիները, որոնց մարդն ընտելացրել է իր էվոլյուցիայի ընթացքում՝ կատուները, շները, ընտանի մյուս կենդանիները եւ թռչունները: Ընթացիկ գնահատումներով՝ միայն ԱՄՆ-ում ապրում են շուրջ 163 մլն ընտանի կատուներ եւ շներ, ինչպես նաեւ մոտավորապես 60 մլն վայրիացած կատուներ, որոնք փախել են կամ լքվել տերերի կողմից: