
«Կինեմատոգրաֆիստներն ընտրեցին ոչ միայն ինձ, այլև դեպի նոր կինո գնալու հնարավորությունները». Հարություն Խաչատրյան

Կինեմատոգրաֆիստների միությունը նոր նախագահի ղեկավարությամբ իր առաջին նիստը կգումարի մեկ ամիս անց: Հոկտեմբերի 7-ին Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց միության նորընտիր նախագահ Հարություն Խաչատրյանը:
«Ես իմ ելույթներում նշել էի՝ ինչքան էլ միջամտեն, նախագահին ընտրելու են միայն կինեմատոգրաֆիստները: Նրանք գիտեն, որ կինոն այսօր կարիք ունի հոգածության և նոր ծրագրերի»,-ասաց Խաչատրյանն ու շնորհակալություն հայտնեց բոլորին:
Նրա կարծիքով՝ 2017-ին պետք է շատ առաջ շարժվեն կինոյի ասպարեզում: Միության նորընտիր նախագահը որոշել է մեկ ամիս անց արտահերթ նիստ գումարել, քանի որ մինչ այժմ չեն եղել միասնական որոշված և հաստատված ծրագրեր: «Մենք կաշխատենք լուրջ ծրագրերի ուղղությամբ: Կինեմատոգրաֆիստներով կորոշենք մեր ծրագրերն ու ստրատեգիան: Յուրաքանչյուրը պետք է ղեկավարի իրեն հետաքրքրող ասպարեզը, որպեսզի կասկած չունենանք, որ ճիշտ ենք շարժվում առաջ»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց, որ կինոյի ասպարեզն ամենակարևոր գործիքներից մեկն է աշխարհի և մարդկանց հետ շփվելու համար:
Նախքան ընտրությունը նա նշել էր, որ ընտրությունից հետո յուրաքանչյուր տարի պետք է անդրադառնալ այդ տարվա ընթացքում միության կատարած աշխատանքին: