«Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությամբ կթևակոխենք կինոյի զարգացման նոր փուլ». Արմեն Ամիրյան
Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությամբ և համագումարով մենք թևակոխում ենք կինոյի զարգացման նոր փուլ: Լրագրողների հետ ճեպազրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Այս պահին կինոյի զարգացման մասին հայեցակարգն է դրված, շրջանառության մեջ է «Կինոյի մասին» օրենքի նախագիծը: Եվ կարծում եմ՝ նոր նախագահի հետ կկարողանանք ստեղծել կինոյի զարգացման նոր շրջան»,-ասաց նախարարը:
Ամիրյանը միության դերակատարումը համարում է այդ շղթայի կարևորագույն օղակներից մեկը: Նրա կարծիքով՝ թեկնածուներից յուրաքանչյուրն էլ արժանի է դառնալու կինեմատոգրաֆիստների միության նախագահ: «Համոզված եմ՝ համագումարից և ընտրությունից հետո պատրաստված նախագծերի շնորհիվ մենք իսկապես կունենանք կինոյի զարգացման այլ շրջան: Այն կլինի ինչպես ստեղծագործական առումով վերելքների նոր շրջան, այնպես էլ տնտեսության մեջ կունենա իր կարևոր դերակատարումը: Կկարողանանք ստեղծել հայրենիքի երևակայական պատկերը, որը սովորաբար ստեղծվում է ֆիլմերում»,- եզրափակեց նախարարը:
Երեւանի Կինոյի տանը ընթանում է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը: Միության 187 անդամներից ներկա են 145-ը: Նախագահի թեկնածուները 3-ն են՝ Հարություն Խաչատրյան, Գեւորգ Գեւորգյան ու Վահե Գեւորգյանց: