
«Փաստեր չկան, բայց կարող ենք ենթադրել, որ ճնշում է եղել». Ս. Օհանյանը՝ Վիրահայոց թեմի հայտարարության մասին

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն իր պաշտոնական էջում վերահրապարակել է Վրաստանի պատրիարքարանի, Վիրահայոց թեմի եւ Վրաստանի մի քանի պետական կառույցների կողմից՝ Գումբուրդո գյուղի դեպքերի հետ կապված համատեղ հայտարարությունը՝ այն վերնագրելով ճնշման ազդեցության տակ ստորագրված անընդունելի հայտարարություն:
Կազմակերպության մամուլի պատասխանատու Սանդրո Օհանյանից փորձեցինք ճշտել՝ ինչ ճնշումների մասին է խոսքը և ո՞ւմ կողմից է, ըստ կազմակերպության, ճնշում գործադրվել Վիրահայոց թեմի վրա: Ի պատասխան Ս. Օհանյանը նշեց, որ ճնշումներն ապացուցող կոնկրետ փաստեր չկան, սակայն հայտարարությունը հիմք է տալիս ենթադրելու, որ եղել են ճնշումներ: Ընդ որում՝Օհանյանը չհստակեցրեց նաև, թե ում կողմից.
«Հնարավոր է՝ պատրիարքարանի, հնարավոր է նաև պետության կողմից է ճնշում եղել, ինչի արդյունքում թեմը հրաժարվում է հայկական ժառանգությունից: Գումբուրդոյի եկեղեցին հայկական է, դա ապացուցող փաստեր կան»,– ասում է Սանդրո Օհանյանը:
aliq.ge