Երևանը գտնվում է կամրջող կարգավիճակ ստանձնելու շեմին

ԵԼՔ խմբակցության նախաձեռնությունը` խորհրդարանում քննարկելու Հայաստանի Հանրապետության` ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկի ճակատագիրը, կանխորոշված էր: Պարզ էր, որ խորհրդարանական մեծամասնությունը համաձայն չպիտի լիներ այս քայլին, հիմնականում ռազմավարական կտրուկ շրջադարձ կատարելու պատճառների եւ հետեւանքների ուսումնասիրության, ինչպես նաեւ հակառակը հիմնավորող փաստարկների դեմ հակափաստարկների բացակայության պատճառով:

Բնականաբար, առաջարկի քննարկման եւ եզրակացության կանխորոշվածության մասին իրազեկ էր նաեւ ԵԼՔ-ը: Խնդիրը սակայն ոչ թե հարցի եզրակացությունն էր, որքան հարցի քննարկումը:

Պարզ է, որ ՀՀ-ում կան, գոյություն ունեն հակառուսական տրամադրություններ ժողովրդային եւ անշուշտ քաղաքական որոշ շրջանակների մոտ: Կան նաեւ որոշ իրադարձություններ, որոնք նպաստում են «ապագաղութայնացման» համար խմորվող գործընթացների զարգացմանը: «Գույք պարտքի դիմացից» սկսած մինչեւ ռազմական եւ ընդհանրապես ռազմավարական ոլորտներում կախյալության երեւույթը, անցնելով ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, հաշվելով նաեւ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների երբեմն ոչ գործընկերային պահվածքները Երեւանի նկատմամբ` օգտագործվում են իբրեւ տարբեր փաստեր հակառուսական մթնոլորտի ձեւավորման եւ նման միջպետական համաձայնագրերց արագ դուրս գալու քաղաքական նախաձեռնություններ առնելու համար:

Գործընթացային խմորումները բնականաբար աննկատ չեն անցնում Արեւմուտքի կողմից, որը մերթ լուռ, մերթ անուղղակի, երբեմն էլ ուղղակի քաջալերողի դերով հայտնվում է՝ ամեն պատեհ առիթ քաղաքականորեն օգտագործելու պահվածքով:

Սակայն, հիմա, երբ թե՛ Երեւանը եւ թե՛ Բրյուսելը, անուղղակիորեն նաեւ Մոսկվան թվում է, թե որդեգրել են «Եւ՛, եւ»-ի՛ կամ «Թե՛, Թե՛»-ի տեսությունն ու դրա գործնականացումը, «Կամ, կամ»-ով առաջնորդվելու խնդիր է առաջադրվում խորհրդարանում:

Երեւանի որդեգրած «Թե՛, թե՛»-ն վերաբերում է նաեւ մյուս կողմերին։ Նոյեմբերին ստորագրվելիք համաձայնագրի մեկնարկով թե՛ ԵՄ-ը եւ թե՛ ԵՏՄ-ն ընդունած կլինեն Երեւանի եզակի դերակատարությունը երկու միջազգային կազմակերպություններում կապող օղակ հանդիսանալու փաստով: Փաստորեն այս պահի դրությամբ (ավելի ճիշտ` նոյեմբերի պահի դրությամբ) ՀՀ-ը կդառնա միակ երկիրը, որ ԵՏՄ-ի անդամ լինելով խորը եւ համապարփակ համաձայնագրով համագործակցություն կնվիրականացնի ԵՄ-ի հետ:

Եւ եթե պարզ էր, որ կամրջող օղակի Երեւանի այս կարգավիճակը կբխի նաեւ Բրյուսելի շահերից, հետզհետե հստականում է նաեւ, որ առնվազն չի հակասում նաեւ Մոսկվայի շահերին: Կարելի է առարկել անշուշտ, որ առեւտրական եւ ընդհանրապես տնտեսական բաղադրիչի փոքրացումը այս համաձայնագրում ճանապարհ է հարթում նաեւ, որ Մոսկվան չարգելակի Երեւանի եւ Բրյուսելի ընտրած այս ուղիների ընթացքը: Այսուհանդերձ պարզ է, որ նման համաձայնագրերը, ըստ էության, քաղաքական բնույթ ունեն, ինչը որ առաջնահերթ նշանակություն ունի այս դեպքում եւս:

Երեւանի այս նոր կարգավիճակով անհանգիստ են բնականաբար թե՛ Անկարան եւ թե՛ Բաքուն: Երկուսն էլ այսօր եւրոպական կառույցների հետ իրենց համագործակցության ձեւաչափերը կորցնելու իրավիճակում են: Անհավանական չեն այն բոլոր վերլուծումները, որոնք Բաքվին վերապահել են դերակատարություն Արցախի հարցի նշման անհրաժեշտությունը պահանջելով փորձել խանգարել նոյեմբերին նախաստորագրությունից ստորագրություն կայանալիք իրադարձությունը:

Թե՛ էրդողանական բռնապետակարգը եւ թե՛ տնտեսաքաղաքական սկանդալներով հարուստ թղթածրար ունեցող ալիեւյան վարչակարգը այսօր ԵՄ-ի նկատմամբ բարենպաստ հարաբերությունների իրավիճակում չեն։

Նոյեմբերը հեռու չէ. իսկ մինչեւ նոյեմբեր, քաղաքական իրադրությունների ներկա կացությունը կտրուկ շրջադարձեր արձանագրելու նախադրյալներ չի պարզում: Երեւանը իրողապես կամրջողի կարգավիճակ ունենալու շեմին է:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս