Թուրքիայի վարչապետը կայցելի Իրաք
Թուրքիայում Իրաքի դեսպան Հիշամ Ալի Էքբեր Իբրահիմ ալ-Ալևին հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մոտ ապագայում հնարավոր է այցելի Բաղդադ: Այս մասին հայտնում է թուրքական Haberler-ը:
Դեսպանը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները նախ և առաջ պետք է կարգավորեն Բաշիքայի հարցը: «Վարչապետ Բինալի Յըլդըրըմը կարճ ժամանակահատվածում այցելելու է Բաղդադ: Ցանկացած տեսակի գործողությունների համար նախ անհրաժեշտ է լուծել Բաշիքայի հարցը»,- հայտնել է նա:
Թուրքիան 2015 թվականից շուրջ 150-հոգանոց գումարտակ է մտցրել Իրաքի հյուսիս՝ Բաշիքա բնակավայր՝ առանց պաշտոնական Իրաքի հավանության: Պաշտոնական Բաղդադը բազմիցս պահանջել է Իրաքի տարածքից դուրս բերել թուրքական զորքերը, սակայն թուրքական կողմը իր զորքերի տեղակայումը շարունակում է հիմնավորել այդ տարածքից «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ: