«Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել». Արարատ Զուրաբյան
Նոյեմբերին Եվրամիության հետ նոր շրջանակային պայմանագրի չստորագրման դեպքում Հայաստանը լուրջ վնասներ կկրի Արևմուտքի հետ հարաբերություններում: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը` նկատելով, որ Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել:
Ըստ նրա` Հայաստանը չպետք է տեղի տա որևէ ճնշումների և պետք է ստորագրի փաստաթուղթը. «Կստորագրվի այդ փաստաթուղթը, թե ոչ, բոլորի մոտ կասկածներ կան: Բայց եթե չստորագրվի, Հայաստանը լուրջ վնասներ կկրի: Առանց այն էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պրոբլեմները գնալով խորանում են և շարունակելու են խորանալ»:
Ա.Զուրաբյանը հույս հայտնեց, որ ՀՀ իշխանությունները նախաստորագրել են այս փաստթուղթը, և որևէ խոչընդոտ չկա վերջնական արդյունքի հասնելու համար. «Ուզում եմ հույս ունենալ, որ այս անգամ բանականությունը կհաղթանակի: Դա բխում է մեր շահերից: Եթե ինչ-որ մեկը լինի, որ կարողանա ազդեցություն գործել, որպեսզի դա տեղի չունենա, շատ ցավալի կլինի: Բայց ես չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունները չունեն այդքան ներուժ` Հայաստանի շահերից գործելու»:
«Ես կարծում եմ, որ այն, որ այս պայմանագիրը նախաստորագրված է, արդեն իսկ հիմք է տալիս մտածելու, որ ճնշումը, որպես այդպիսին, ինչ-որ ձևով հաղթահարված է: Բայց իրավիճակի փոփոխություն ցանկացած պահի կարող է տեղի ունենալ: Ես Աստված եմ կանչում, որպեսզի լինի այնպես, ինչպես նախօրոք պլանավորված է, որ ՀՀ-ն գոնե այս մակարդակի պայմանագիրը կնքի և տա հնարավորություն մեր հասարակությանը գիտակցելու, որ մենք չենք օտարվում քաղաքակրթական կենտրոններից և որոնց հետ համագործակցությունը չշարունակելու դեպքում որևէ երկիր դատապարտված է դառնալ Հյուսիսային Կորեա, որը ցանկալի չի»,- հավելեց Զուրաբյանը: