«Հավաքականի անհաջողություններում բացարձակ չեմ տեսնում Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը». Հրայր Թովմասյան
«Ինձ համար ցավալի է մեր հավաքականին նման վիճակում տեսնել, սակայն հույս ունեմ, որ արդեն 2020 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում թիմն ավելի հաջող հանդես կգա: Այս անհաջողություններում ես բացարձակ չեմ տեսնում Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը: Մենք մտերիմներ ենք, ընկերներ ենք: Եթե դուք շփվեք նրա հետ, տեսնեք, թե ինչ սրտացավությամբ է նա անում իր աշխատանքը, որքան ծանր է տանում մեր թիմի պարտությունները, կհասկանաք, թե ինչու եմ այսպես մտածում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը` մեկնաբանելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին անհաջողությունները, որ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում անցկացված 9 հանդիպումներից 7-ում պարտություն է գրանցել:
Ըստ նրա` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցած տարիների ընթացքում մեծ ներդրումներ և աշխատանքներ է իրականացրել հայկական ֆուտբոլի զարգացման համար: Հ.Թովմասյանի կարծիքով` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին փոխելը չի կարող բարելավել իրավիճակը. «Ավելի կարևոր է, որպեսզի կարողանանք դրսի առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների բերել հավաքական: Այս առումով կարևոր է, որպեսզի Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող հայ ֆուտբոլիստները, գալով Հայաստանի հավաքական, լեգեոներ չհամարվեն իրենց առաջնությունում»:
Հ.Թովմասյանը նշեց, որ այդ ուղղությամբ ևս ֆեդերացիան աշխատանքներ է իրականացնում, և ԵԱՏՄ կոմիտեն արդեն նման որոշում է ընդունել. «Դա մեզ հնարավորություն կտա Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին բերել հավաքական, իսկ Ռուսաստանի առաջնության մակարդակն էականորեն բարձր է մեր առաջնության մակարդակից»: