
Ֆրանսիայում վախճանվել է դերասանուհի և գրող Աննա Վյազեմսկին

Ֆրանսիացի դերասանուհի եւ գրող Աննա Վյազեմսկին վախճանվել է ուռուցքային հիվանդության հետեւանքներից: Այդ մասին հայտնել է Le Figaro-ն:
«Աննան կյանքից հեռացավ այս առավոտյան. Նա ծանր հիվանդ էր»,-AFP գործակալությանը պատմել է նրա եղբայրը՝ Պիեռը: Վյազեմսկին 70 տարեկան էր: Դերասանուհին ֆրանսիական նոր ալիքի ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարի կինն Էր մինչեւ 1979 թվականը: Նա նկարահանվել է կինեմատոգրաֆիստի այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Չինուհին», «Ուիք-Էնդ», «Մեկ գումարած մեկ», «Արեւելքից փչող քամին», «Ճակատամարտ Իտալիայում», «Վլադիմիրն ու Ռոզան» եւ «Ամեն ինչ կարգին է» ժապավենները:
Նա նաեւ դերեր է կատարել ռեժիսոր Ռոբեր Բրեսոնի, Պիեռ Պաոլո Պազոլինիի եւ Ֆիլիպ Հարելի կինոնկարներում: Աննա Վյազեմսկին նաեւ հռչակվել է որպես գրող: Նրա գրչին են պատկանում «Բարձրահասակ աղջիկներ», «Մի բուռ մարդիկ» եւ «Աշխարհի բոլոր չորս կողմերում» գրքերը: