«Սահմանվում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգը». Հունան Պողոսյան
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն ասաց, որ սահմանվում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգը, որն ուղղված է ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և թմրամիջոցների անօրինական միջոցների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
«Համաձայնագրի վավերացումը կնպաստի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունավետության բարձրացմանը, հնարավորություն կտա իրականացնել օպերատիվ հետախուզական միջոցառումների, հետաքննության, քննչական գործողությունների միջոցով բռնագրավված և այլ ձևերով ձեռք բերված թմրամիջոցների և նրանց նմուշների հանձնումը: Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման նպատակով անցկացնել համեմատական քրեագիտական ուսումնասիրություններ»:
Հ. Պողոսյանն ասաց, որ կան նաև որոշակի վերապահումներ. «Ադրբեջանական հանրապետության վերապահումը վերաբերում է համաձայնագրի երրորդ հոդվածի երրորդ պարբերությանը՝ տեղափոխվող թմրանյութերն ու դրանց բաղադրիչներն ազատվում են մաքսային զննումից՝ պայմանով, որ պահպանված լինեն համաձայնագրի առաջին հավելվածի դրույթները, ինչպես նաև՝ ՀՀ-ի համար համաձայնագրում սահմանված իրավունքների, պարտականությունների և դրույթների չկիրառմանը: ՀՀ-ն համաձայնագրի վերաբերյալ առարկություն է ներկայացրել, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից ներկայացված վերապահմանը և վերջինիս նկատմամբ համաձայնագրի դրույթները չկիրառելուն՝ միևնույն ժամանակ:
ՀՀ-ի կողմից նաև վերապահում է ներկայացվել համաձայնագրի երրորդ հոդվածի վերաբերյալ՝ այն է, ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու ներկայացնել համաձայնագիր՝ ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների տեղափոխման, ինչպես նաև ՀՀ տարածքով տարանցման ժամանակ»: