Բաժիններ՝

Դիլիջանի միջազգային դպրոցի մալարիայով վարակված սուդանցի ուսանողուհին արդեն առողջ է և շրջապատի համար լիովին անվտանգ

Մալարիայով հիվանդ սուդանցի աղջիկն արդեն գործնականում առողջ է և շրջապատի համար հարյուր տոկոսով անվտանգ: Աղջիկն այժմ շարունակում է ուսումը Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոցում: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

«Մալարիայի երկու տեսակներից բավականին ծանր ձևով էր աղջիկը վարակվել: Նա ակտիվ բուժում է ստացել 5 օր: Մենք ապահովված էինք անհրաժեշտ բոլոր դեղերով: Մի որոշ ժամանակ ևս մեկուսացրել ենք նրան՝ վարակը չտարածելու նպատակով»,-ասաց Ասոյանն ու հավելեց, որ աղջիկն այժմ շարունակում է ուսումը Հայաստանում:

Ինֆեկցիոնիստի խոսքով՝ ներկա եղանակը ևս չի նպաստում վարակի տարածմանը: Վարակը տարածողները հատուկ տեսակի մլակներն են, որոնց որոշակի ջերմաստիճան է անհրաժեշտ բազմանալու և վարակը տարածելու համար: «Այս դեպքում նույնիսկ ավելորդ է խոսել վարակի տարածման մասին»,-նշեց Ասոյանը:

Ինֆեկցիոնիստի կարծիքով՝ առողջապահական համակարգն իսկապես լավ է գործում: Ապացույցն այն է, որ Հայաստան գալուց ընդամենը երեք օր հետո սուդանցու հիվանդությունը հայտնաբերվել է, իսկ ախտորոշման համար պահանջվել է ընդամենը մի քանի ժամ:

Հիշեցնենք, որ օգոստոս ամսին Հայաստանում գրանցվել էր մալարիայի ոչ տեղական դեպք: Վարակակիր աղջիկը Հարավային Սուդանի բնակիչ է, ով Հայաստան էր եկել Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոցում ուսումը շարունակելու: Նա անմիջապես հայտնաբերվել էր և տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս