
Իսպանիայի էկոնոմիկայի նախարարը բացառել է Կատալոնիայի անկախացումը

Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսը բացառել է հանրաքվեի արդյունքում Կատալոնիայի անկախացումը։
«Կատալոնիան անկախություն չի ստանա»,- հայտարարել է նա հոկտեմբերի 5-ին Bloomberg գործակալության հեռուստատեսային եթերում, նշելով, որ «Կատալոնիայի հետ քննարկելու բան չկա», երբ չի հարգվում օրենքը»:
Բացի այդ, նա այն կարծիքինէ, որ Մադրիդի եւ Բարսելոնայի միջեւ բանակցությունների հնրավորությունը վտանգավոր նախադեպ կստեղծի ոչ միայն Իսպանիայի, այլեւ ամբողջ Եվրոպայի համար:
Դե Գինդոսը նշել է, որ այդ ինքնավար տարածաշրջանի անկախությունն, իր կարծիքով, միայն կվնասի Կատալոնիայի բնակիչներին:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն ավելի վաղ հայտարարել է, որ Կատալոնիայում «ինքնորոշման հանրաքվեն չի կայացել»: Միեւնույն ժամանակ նա պատրաստակամություն Է հայտնել Բարսելոնայի հետ երկխոսություն վարել օրենքի շրջանակներում:
Մինչդեռ Կատալոնիայի խորհրդարանի նախագահության հոկտեմբերի 4-ի նիստում որոշում է ընդունվել հոկտեմբերի 9-ին սկսել անկախության հռչակման գործընթացը: Սպասվում է, որ խորհրդարանը կքննարկի «հանրաքվեի հետեւանքները», որը կայացել է հոկտեմբերի 1-ին: Խորհրդարանում ելույթ կունենա Ժեներալիտետի (կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը:
Նա ավելի վաղ տպավորիչ է համարել Իսպանիայից ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեի ադյունքները եւ հայտարարել է, որ ինքնավարության բնակիչները վաստակել են ինքնիշխանության իրավունքը: Պուչդեմոնը վստահեցրել է, որ Իսպանիայից տարածաշրջանի անկախությունը միակողմանի կարգով կհռչակվի առաջիկա օրերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: