
Մանե Թանդիլյանը հիշեց Կարո Փայլանին թուրքական պառլամենտում ծեծի ենթարկելու դեպքը

«Պարոն Աշոտյան, չե՞ք կարծում, որ կան իրավիճակներ, որ պետք է հասկանալ, որ իրավիճակը դառնում է վտանգավոր»,- այսօր Ազգային ժողովում դիմելով Արմեն Աշոտյանին՝ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:
Մ. Թանդիլյանը գտնում է, որ որևէ պատգամավորի միջանցքներում ծեծի ենթարկելն անթույլատրելի է. «Երբ դեմքի մտահոգ արտահայտությամբ խոսում ենք այն մասին, որ Կարո Փայլանին ծեծի են ենթարկում թուրքական պառլամենտում, ապա մենք պետք է ավելի մտահոգ լինենք՝ չնմանվելու: Այս առումով ես ակնկալում եմ դատապարտող հայտարարություններ ՀՀԿ-ի խմբակցությունից, որ պետք է կարողանա ցույց տալ, որ մենք ազատ խոսքը կաշկանդելու միջոցներ չէ, որ փնտրում ենք այս դահլիճում, և որևէ մեկի անուն տալը չի կարող հանգամանք լինել, որ պատգամավորները ծեծի ենթարկվեն միջանցքում»:
Ի պատասխան՝ Ա. Աշոտյանն ասաց. «Ես հասկանում եմ, որ իմ ճակատին գրված է, որ բոլոր պատեհ ու անպատեհ պահերին ես պետք է քաղաքական առաջնագծում հայտնվեմ, բայց, տիկին Թանդիլյան, և՛ Ձեզ, և՛ Ձեր գործընկերներին մի ուրիշ բան կխնդրեմ: Ես տեղյակ չեմ միջադեպին, ես տեսել եմ Ձեր գրառումը գալուց առաջ: Եկեք գնահատականներ չտանք: Մեր գնահատականները կլինեն այն ժամանակ, երբ խորամուխ կլինենք՝ ինչ է եղել: Չեմ կասկածում Ձեր խոսքերի վրա, բայց պարտավոր եմ լսել նաև պարոն Գեղամյանին»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ իրենք այս հարցով դիմելու են Էթիկայի հանձնաժողով, քանի որ տեղի ունեցածը, նրա խոսքով, արտառոց է: