
Իտալիայում տղամարդը, «սրիկա» գոռալով, նետվել է Հիտլերի նկարի վրա

Իտալիայի Սալո քաղաքում անհայտ մեկը նետվել է Ադոլֆ Հիտլերի՝ տեղի թանգարանում ցուցադրվող նկարի վրա: Այդ մասին հայտնել է Luxemburger Wort հրատարակությունը։
Տղամարդը, որը կլիներ մոտ 40 տարեկան, «սրիկա» գոռալով, փորձել է պտուտակահանով ծակել նկարը, սակայն պահապանին հաջողվել է նրան հեռացնել նկարից: Դրանից հետո հարձակվողը թաքնվել է: Նա կտավի վրա թողել էր մի քանի պատռվածք:
Նկարի սեփականատերը, որը մասնավոր հավաքորդ է Գերմանիայից, վնասը գնահատելուց հետո հրաժարվել է բողոք ներկայացնել: Նկարը Museo della Follia-ում ցուցադրվել է այլ նկարների հետ միասին, որոնք վրձնել է Հիտլերը:
Կտավի վրա, որը փորձում էր վնասել անհայտ անձը, մթագույն ֆոնին պատկերված են երկու մռայլ ֆիգուրներ: Ներքեւի աջ անկյունում հեղինակի ստորագրությունն է: Նկարի ստեղծման ամսաթիվը եւ անվանումը հայտնի չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: