«Խիստ հսկողություն սահմանել». Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ Վլադիմիր Գասպարյանին

Գործադիրի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման ապահովման վերաբերյալ:

«Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով բազմաթիվ դեպքերում վնասվում են ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերը՝ ճանապարհային նշանները, լուսացույցները, համապատասխան սյուները և այլն: Չնայած օրենքով սահմանված կարգավորումներին՝ գործնականում գրանցվում են դեպքեր, երբ նշված տարրերի վերանորոգման կամ վերականգնման ծախսերի համար փոխհատուցումները չեն հավաքագրվում: Խնդիրը հիմնականում պայմանավորված է նման դեպքերի արձանագրման խիստ հսկողության ոչ լիարժեք իրացմամբ»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարելով մեկամսյա ժամկետում տարածքային համայնքների ղեկավարների հետ համատեղ գույքագրել ճանապարհային կահավորանքին պատճառված վնասի դեպքերը և ստացված փոխհատուցման շրջանակներում միջոցներ ձեռնարկել դրանց վերականգնման ուղղությամբ: Վարչապետը հանձնարարեց ըստ անհրաժեշտության քննարկել նաև իրավական ակտի նախագծի մշակման հարցը:

ՀՀ ոստիկանության պետին գործադիրի ղեկավարը հանձնարարեց խիստ հսկողություն սահմանել ճանապարհային պատահարների դեպքերում համապատասխան եզրակացություններում ճանապարհային կահավորանքին պատճառված վնասները ներառելու համար:

Տեսանյութեր

Լրահոս