Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից է կալանավորվել
Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության գրասենյակը գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում «լրտեսություն անելու» հիմնավորմամբ Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության աշխատակցին կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ստամբուլի դատախազությունը պարզել է հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կապը նախկին դատախազ Զաքարյա Օզի հետ, ով սերտ կապեր ունի գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ:
Թոփուզը մեղադրվում է Թուրքիայում «սահմանադրական կարգը փոխելու փորձ անելու», «լրտեսության» և «Թուրքիայի իշխանություններին տապալելու փորձի» մեջ:
Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: