«Ինչո՞ւ է պետք այս թերի ձևակերպմամբ, հնացած կոնվենցիան». Արման Սաղաթելյանը՝ Շավարշ Քոչարյանին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրինագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասաց, որ այս արձանագրությունը ստորգարվել է 1925 թվականին, և այն ժամանակ արձանագրությունը ստորագրող պետությունների թիվը եղել է 36, հիմա այդ թիվը հասնում է 140-ի: Հայաստանին այդ արձանագրությունը վավերացնելու համար դիմել է Ֆրանսիան: Նա նաև ասաց, որ այդ ուղղությունը լրիվ համահունչ է մեր արտաքին քաղաքականությանը: Սահմանադրական դատարանն էլ իր որոշման մեջ նշել է, որ չի հակասում ՀՀ Սահմանադրությանը:

Պատգամավոր Արման Սաղաթելյանը հարցով դիմեց Շ. Քոչարյանին. «Ինչո՞ւմն է անհրաժեշտությունը պահպանել 1925 թվականին վավերացված կոնվենցիան, որը հնացած է, բազմաթիվ այլ փաստաթղթերով սա կարգավորված հարց է: Ինչո՞ւ է պետք այս թերի ձևակերպմամբ կոնվենցիան»:

Ի պատասխան՝ Շ. Քոչարյանն ասաց. «Այսպիսի մի իրավական ընդհանուր համակարգ է ձևավորված, և պետությունները ձգտում են պահպանել: Դրանով էլ ավելի է շեշտադրվում կարևորությունը, որը տալիս է միջազգային հանրությունն այդ ուղղությանը: Դա նաև գործընթաց է, որն ավելի է կատարելագործվում: Վերջին ժամանակահատվածում բավականաչափ մեծ պետություններ են միացել»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք Ռուսաստանը և Ադրբեջանը միացա՞ծ են այս արձանագրությանը: Շ. Քոչարյանն ասաց, որ ՌԴ-ն միացել է, իսկ Ադրբեջանը՝ ոչ. «Բայց այս պարտավորությունը գործում է միայն այն պետությունների նկատմամբ, որոնք միացած են արձանագրությանը»:

Տեսանյութեր

Լրահոս