«Ֆելիպե թագավորն անտեսում է կատալոնացիների կարծիքը». Կատալոնիայի ղեկավար
Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ Ֆելիպե Վեցերորդ թագավորը կառավարության կողմն է բռնել ինքնավար մարզի անկախության հանրաքվեի հարցում՝ անտեսելով միլիոնավոր կատալոնացիների կարծիքը, տեղեկացնում է BBC-ին:
«Մենք համաձայն չենք պետության ղեկավարի ուղերձին, որը հավանություն տվեց Մարիանո Ռախոյի քաղաքականությանը եւ միտումնավոր անտեսեց կատալոնացիներին, որոնց կարծիքը տարբերվում է իր կարծիքից»,- ասել է Պուչդեմոը հատուկ ուղերձում:
Ավելի վաղ Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը անպատասխանատու եւ վտանգավոր է որակել Կատալոնիայի իշխանությունների գործելակերպը, որտեղ հոկտեմբերի 1-ին անցկացվել է Մադրիդի եւ Եվրամիության կողմից չճանաչված անկախության հանրաքվե:
Թագավորի խոսքով կատալոնական իշխանությունների անպատասխանատու գործելակեպը կարող է սպառնալիքի տակ դնել Իսպանիայի տնտեսական կայունությունը:
Ժողովրդի հղած հեռուստաուղերձում թագավորը հայտարարել է, որ Իսպանիայում ստեղծված իրադրությունը չափազանց լուրջ է, եւ հորդորել է պահպանել միասնությունը:
«Դուք հիասթափեցրիք Կատալոնիայի մարդկանց, որոնք գնահատում են ձեզ ու դժվարին պահերին օգնում էին ձեզ: Մարդկանց, որոնք ձեզանից այլ մոտեցում էին ակնկալում, ակնկալում էին երկխոսության ու համաձայնության կոչ»,- նշել է Պուչդեմոնը:
Կատալոնիայի ղեկավարի կարծիքով՝ միապետը բռնեց վարչապետ Մարիանո Ռախոյի կողմը եւ կիսում է պատասխանատվությունը կառավարության վարած քաղաքականության համար, որ Պուչդեմոնը որակել է աղետալի:
Ավելի վաղ Կառլես Պուչդեմոնը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսպանիայից այդ տարածաշրջանի անկախությունը միակողմանի կարգով կհռչակվի առաջիկա օրերի ընթացքում: Նա ասել է, որ Կատալոնիայի կառավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի «այս շաբաթվա վերջին-հաջորդ շաբաթվա սկսզբին»:
Հարցին՝ կատալոնական իշխանությունները ինչ են պատրաստվում անել, եթե Մադրիդը մարզի կառավարումը վերցնի իր ուղղակի հսկողության ներքո (ինչը թույլ է տալիս Իսպանիայի Սահմանադրությունը), կամ ձերբակալի իրեն, Պուչդեմոնը պատասխանել է, թե դա «կլիներ սխալ, որը կփոխի ամեն ինչ»: