
Վրաստանում առաջին միասեռական թեկնածուն գնում է ընտրությունների

Վրաստանի Հանրապետական կուսակցությունն աննախադեպ քայլի է դիմել՝ մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքային խորհուրդ առաջադրելով 40-ամյա իրավաբան եւ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, միասեռական Նինո Բոլքվաձեին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Բոլքվաձեի հետ սեփական ընտանիքը խզել էր կապերն այն բանից հետո, երբ երկու տարի առաջ հեռուստաշոուի ուղիղ եթերում կինը հայտարարեց, որ միասեռական է: «Ես ցանկանում եմ, որ Վրաստանն ավելի լավ տեղ լինի երեխաներիս համար», – հայտարարել է Նինո Բոլքվաձեն, ով միայնակ մայր է եւ երկու դեռահաս աղջիկ է մեծացնում:
Շատերի խոսքով, մարդու իրավունքների ոլորտում Վրաստանի համար այս քայլը լուրջ նվաճում է, հաշվի առնելով հոմոֆոբիայի արտահայտումներն ու հաճախ բացասական վերաբերմունքը երկրի ավանդապաշտների կողմից միասեռականների նկատմամբ: