Բաժիններ՝

Քեյթ Ուինսլեթը կմասնակցի «Ավատարի» շարունակության նկարահանումներին. Variety

Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը դերերից մեկն է կատարելու «Ավատար» ֆիլմի երկրորդ մասում: Դերասանուհին նկարահանման հարթակում վերստին կհանդիպի Ջեյմս Քեմերոնի՝ Ուինսլեթին հռչակած «Տիտանիկի» ռեժիսորի հետ: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:

«Ես եւ Քեյթը միասին աշխատելու հնարավորություն էինք փնտրում 20 տարվա ընթացքում՝ դեռ «Տիտանիկի» նկարահանումների ժամանակներից, որը դարձավ լավագույն ֆիլմերից մեկն իմ կարիերայում: Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ նրան կտեսնեմ Ռոնալ գործող անձի դերում»,-հրատարակությունը մեջբերել է ռեժիսորի խոսքը: Կինոնկարի պրեմիերան պետք է կայանա 2020 թվականի դեկտեմբերի 18-ին:

Նկարահանումներին կմասնակցեն նաեւ Սեմ Ուորթինգթոնը, Զոյ Սալդանան եւ Սիգուռնի Ուիվերը, որոնք խաղացել են առաջին ֆիլմում: Ջեյմս Քեմերոնը պլանավորում է «Ավատարը» վերածել հինգ մասից բաղկացած կինոսագայի: Երրորդ, չորրորդ եւ հինգերորդ ֆիլմերը էկրան կբարձրանան համապատասխանաբար 2021, 2024 եւ 2025 թվականներին: Դրանց ընդհանուր բյուջեն կազմելու է ավելի քան 1 մլրդ դոլար:

Նշվում է, որ նախագիծն ամենաթանկարժեքներից մեկը կդառնա կինեմատոգրաֆի պատմության մեջ՝ հաշվի առնելով բոլոր չորս կինոնկարների բյուջեն: «Ավատար»-ը պատմում է Պանդորա մոլորակի վրա հաշմանդամ ծովային հետեւակայինի արկածների մասին: Ֆանտաստիկ ժապավենի ռելիզը կայացել է 2009 թվականին:

Այն երեք «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն օպերատորական աշխատանքի, լավագույն դեկորացիաների եւ լավագույն տեսողական Էֆեկտների համար: Կինոնկարն առեւտրային տեսակետից ամենահաջողվածն է համարվում կինեմատոգրաֆի պատմության մեջ. այն համաշխարհային վարձույթում գրեթե 2,8 մլրդ դոլար է հավաքել՝ 237 մլն դոլար բյուջեի դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս