
«ՀՀ նախագահի, կառավարության և ԱԺ-ի աշխատակազմի համար միասնական մոտեցում է պետք». Արփինե Հովհաննիսյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներն են պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Գագիկ Մելիքյանը և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նախագծի հիմնական զեկուցող Ա. Հովհաննիսյանն ասաց, որ այդ օրենքի 22-րդ հոդվածում կա դրույթ, որի համաձայն՝ յուրաքանչյուր մարմնի համար պետական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է տվյալ մարմնի պետական ծառայողների աշխատավարձի տարեկան ֆոնդի նկատմամբ միասնական տոկոսային արտահայտությամբ.
«Այսինքն՝ յուրաքանչյուր պետական մարմին ունի պարգևատրման ֆոնդ, որն իր տարեկան աշխատավարձի բյուջեի նկատմամբ որոշակի տոկոսային արտահայտությամբ է հաշվարկվում: Այդ նույն օրենքի 22-րդ հոդվածի հաջորդ մասը նշում է, որ դա նվազագույնը 10 տոկոս է: Այդ նույն օրենքում բացառություն կա նախատեսված, որը ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի համար է: Այսինքն՝ այդ 10 տոկոսից բարձր շեմ սահմանելու հնարավորությունը և այս կանոնին չենթարկվելն աշխատում է երկու գերատեսչությունների պետական ծառայողների համար: Մենք առաջարկում ենք ԱԺ աշխատակազմն այդտեղ ավելացնել: ՀՀ նախագահի, կառավարության և ԱԺ-ի աշխատակազմի համար միասնական մոտեցում է պետք»: