Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է
Կատալոնիայում արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել հոկտեմբերի 1-ին տարածաշրջանում կայացած անկախության հանրաքվեից հետո, որն ուղեկցվել է ոստիկանության հետ քվեարկության մասնակիցների զանգվածային բախումներով, տեղեկացնում է BBC-ին:
Բողոքավորները արգելափակել են Կատալոնիայի հիմնական ճանապարհները: Հաղորդվում է առնվազն 24 վայրերի մասին Կատալոնիայի տարբեր մասերում, որտեղ ճանապարհներն արգելափակված են: Այս ամենը հանգեցրել է ավտոմոբիլային խցանումների: Բարսելոնայի խոշորագույն մեծածախ պարենային շուկան՝ «Մերկաբառնա»-ն, հոկտեմբերի 3-ին դատարկվել է. այնտեղ աշխատող 770 ընկերություններ դադարեցրել են աշխատանքը: Արհմիությունները հայտնել են, որ աշխատանքը դադարեցրել է Բարսելոնայի ծովային նավահանգիստը: Քաղաքային օդանավակայանն առայժմ գործում է սովորական ռեժիմով:
Նաեւ աշխատում են տաքսիները: Ինչպես ասված է արհմիությունների հայտարարության մեջ, գործադուլի մասին որոշումն ընդունվել է հանրաքվեի անցկացման ընթացքում իրավունքների եւ ազատությունների աղաղակող ոտնահարման կապակցությամբ:
Բարսելոնայի Համալսարանական հրապարակում հավաքվել են հազարավոր կատալոնացիներ, որոնք բողոքում են ինքնավարության բնակիչների կամաարտահայտումը ճնշելու Մադրիդի գործողությունների դեմ: Կատալոնիայում հանրաքվեի անցկացման ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ հանրահարցման մասնակիցների միջեւ, ինչի հետեւանքով տուժել են հարյուրավոր մարդիկ:
Իրավակարգի պահապաններից ոմանք, որոնց հրամայված էր թույլ չտալ քվեարկության անցկացում, կրակ են բացել ռետինե փամփուշտներով: Կատալոնիայի իշխանությունների տվյալներով՝ ընդհարումների ընթացքում վիրավորվել է 33 ոստիկան: