
Բազմահազարանոց հանրահավաք է անցկացվում Բարսելոնայի կենտրոնում

Բարսելոնայի կենտրոնում ընթանում է ուսանողների բազմահազարանոց հանրահավաքը, որոնք բողոքում են անկախության հանրաքվեի անցկացման օրը ոստիկանության կոշտ գործողությունների դեմ: Հազարավոր մարդիկ են շարժվում Համալսարանի հրապարակ՝ հայտարարելու «քվեարկելու եւ իրենց կարծիքը հայտնելու իրավունքի» մասին։
«Միթե կարելի էր այդքան խիստ գործել: Մենք պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին»,-ասում է 40-ամյա մի կին: Նրա, ինչպես եւ հանրահավաքի բազմաթիվ այլ մասնակիցների ուսերին Էստելադն է՝ անկախ Կատալոնիայի ոչ պաշտոնական դրոշը: Մարդիկ վանկարկում են «Անկախություն»:
Միաժամանակ քաղաքում անցկացվում են այլ ակցիաներ: Այստեղ փակ են բազմաթիվ փողոցներ, չի աշխատում մետրոն, խնդիրներ կան նաեւ ազատ տաքսիներ գտնելու հարցում:
Ազգայնական կազմակերպությունները կոչ են արել հոկտեմբերի 3-ին՝ «համընդհանուր գործադուլի» օրը, հանրահավաքներ կազմակերպել ի նշան «հանրաքվեի անցկացման օրը Իսպանիայի իրավապահ մարմինների գործողությունների դեմ» բողոքի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: