«Ինչքան ես շատ ունենամ, էդքան ժողովուրդը շատ կօգտվի… դուք էդքան մի խառնվեք». Վարդան Ղուկասյան
«Ամսի 25-ին ես արդեն հետ եմ վերցրել դիմումը, ավելի վաղ, քան այս աղմուկը բարձրացել է: Չնայած ես չեմ էլ կարող որևէ մեկին ասել, թե մարդիկ ինչու են դիմում ներկայացրել, որ այդ 100 հազար դրամները ստանան: Դա օրենքով ամրագրված իրենց իրավասությունն է: Հետո, ինչքան ես շատ ունենամ, էդքան ժողովուրդը շատ կօգտվի: Հասկանալի՞ է, դուք էդքան մի խառնվեք»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ մեկնաբանելով մարզերից եկած պատգամավորների տան վարձերի փոխհատուցման 100 հազար դրամի համար ներկայացված դիմումների շուրջ բարձրացված աղմուկը:
Թե ինչո՞ւ է իր դիմումը հետ վերցրել՝ հարցին, Վ.Ղուկասյանը պատասխանեց. «Որ ձեզ տամ, որ այդ գումարը վերցնեք, հարստանաք, ճոխանաք»:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ Գագիկ Ծառուկյանն է նկատողություն արել՝ մեղադրելով մուրացկանության մեջ, Վ.Ղուկասյանը հակադարձեց. «Նմանատիպ հարցերն այնքան ցածր են, որ այդ հարցերը չեն քննարկվում մեր խմբակցությունում: Ես զարմանում եմ, թե դուք ինչ եք խառնվել»:
Ամեն դեպքում, ըստ Ղուկասյանի, եթե անգամ ինքը վերցներ այդ գումարը, վատ չէր զգա: