Ռոստովի մարզում մեկնարկել են ՀԱՊԿ-ի երկրների «Որոնում-2017» մարտավարական վարժանքները
ՌԴ-ի Ռոստովի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների զինված ուժերի «Որոնում-2017» հնգօրյա հատուկ մարտավարական զորավարժությունները: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:
Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինուժերի ռազմական կառավարման մարմինները, ինչպես նաեւ զորամասային հետախուզության եւ հատուկ նշանակության ստորաբաժանումները»,-ասել են մամուլի ծառայությունում:
Վարժանքներում գործի է դրված ավելի քան հազար զինվորական: Զորավարժությունների առաջին փուլում հրամանատարության եւ շտաբի բազմազգ կոլեկտիվը Ռոստովի մարզում ծավալված կառավարման ավտոմատացված կետում պետք է անցկացնի ՀԱՊԿ-ի անդամ պայմանական պետության տարածքում զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության պլանավորում: Դրանից հետո զորավարժությունների ամբողջ ղեկավարությունը ռուսական ռազմափոխադրական ավիացիայի ինքնաթիռներով կտեղափոխվի Հայաստանի Բաղրամյան զորափորձարան, որտեղ կշարունակի հրամանատարաշտաբային վարժանքները:
«Որոնում-2017» միջազգային վարժանքներն ընթանում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի ղեկավարությամբ: Դրանք կավարտվեն հոկտեմբերի 7-ին: