
Թուրքիայում նախարարությունների 142 նախկին աշխատակցի ձերբակալելու որոշում է ընդունվել

Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 142 անձի ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
142 անձից 116-ը Թուրքիայի կրթության նախարարության, իսկ 21-ը՝ երիտասարդության և սպորտի նախարարության աշխատակիցներ են: Հաղորդվում է, որ նրանք բոլորը եղել են ByLock հավելվածի օգտատերեր:
Դատախազության որոշման համաձայն՝ կասկածյալներին ձերբակալելու նպատակով գործողություններ են սկսվել երկրի 8 նահանգում:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի ավելի քան 53 հազար կողմնակցի ինքնություն:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: