
«Մեր գործընկերներին պետք է հարցը երկար պահել օրակարգում». Արմեն Աշոտյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նպատակահարմար չի համարում Եվրասիական տնտեսական միության կազմից Հայաստանի Հանրապետությունը դուրս բերելու մասին «Ելք» խմբակցության հայտարարության նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը: Խորհրդարանում Եվրասիական տնտեսական միության կազմից ՀՀ-ն դուրս բերելու մասին «Ելք» խմբակցության հայտարարության նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ ժամանակավոր հանձնաժողովը լիազորությունների մշտական հանձնաժողովից էականորեն չի տարբերվում:
«Մշտական և ժամանակավոր հանձնաժողովների մեջ միակ տարբերությունը հարցերի քննարկման ժամանակն է: Մշտական հանձնաժողովի պարագայում հարցը ունի իր ընթացակարգը, քննարկման ժամկետներ, որոնք այդ հարցը պետք է դարձնեն օրակարգային»,- ասաց Աշոտյանը:
Նա հավելեց, որ ժամանակավոր հանձնաժողովը գործող օրենսդրությամբ կարող է աշխատել մինչև 6 ամիս տևողությամբ ժամկետով: «Ես կարծում եմ, որ մեր գործընկերների թիվ մեկ խնդիրն այս հարցը երկար ժամանակ օրակարգում պահելն է: Որովհետև ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնության, և ոչ միայն մեծամասնության մեր գործընկերների դիրքորոշումների պարագայում այս հարցը օրակարգում կարող է մնալ, սակայն դրական լուծում չի կարող ունենալ: Այսինքն, մեր գործընկերներին պետք է հարցը երկար պահել օրակարգում: Այսինքն, իրավական լուծումների պարագայում խնդիրը դրված է քաղաքական հարթության մեջ»,- ասաց Աշոտյանը: