Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն՝ որպես Հայաստանում Կոլումբիայի առաջին դեսպան, ջանքեր կներդնի երկու երկրների միջև համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանն այդ ցանկությունը և պատրաստակամությունն ունի: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում դեսպանների հավատարմագրումը նոր խթան կհանդիսանա երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում:

Նշելով, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը հայ ժողովուրդը ջերմ վերաբերմունք ունի Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Կոլումբիայի նկատմամբ, ինչը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նախորդ դարասկզբին հայ ժողովրդի համար ճակատագրական պահին՝ Ցեղասպանությունից մազապուրծ նրա մի հատվածին այդ երկրներն ապաստան ու զարգանալու հնարավորություն են տվել: Կոլումբիայում Արմենիա անունով քաղաքի առկայությունը ևս, Հանրապետության նախագահի համոզմամբ, երկու ժողովուրդների միջև եղած առնչությունների վկայություններից է:

Դեսպան Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացման համար՝ համակարծիք լինելով, որ երկու ժողովուրդները միմյանց հանդեպ ջերմ զգացումներ են տածում, ինչը լավ հիմք է միջպետական կապերի ամրապնդման համար:

Տեսանյութեր

Լրահոս