
ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիային նվիրված երեք հանդիպում է անցկացնելու հոկտեմբերին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս ամսվա ընթացքում կանցկացնի Սիրիային նվիրված երեք հանդիպում, որոնցից մեկը կնախորդի Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ ժնեւյան բանակցությունների նոր փուլին: Այդ մասին հոկտեմբերի 2-ին լրագրողներին հայտնել է հոկտեմբերին ԱԽ-ում նախագահող ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը։
Նրա խոսքով՝ սիրիական թեման ավանդաբար կարեւոր տեղ կզբաղեցնի ԱԽ-ի օրակարգում: «Անվտանգության խորհուրդը երեք հանդիպում կանցկացնի, որոնք նվիրված կլինեն Սիրիային»,-ասել է դիվանագետը: Նա նշել է, որ դրանցից առաջինը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին եւ նվիրված կլինի քիմիկան զենքի կիրառման հետ կապված իրադրությանը:
Երկրորդ անգամ ԱԽ-ն սիրիական թեման քննարկելու համար կհավաքվի հոկտեմբերի 26-ին: Նիստը կանցկացվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի մասնակցությամբ, որն ավելի վաղ հայտարարել է, թե Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ բանակցությունների հերթական փուլը կգումարի նոյեմբերի սկզբից ոչ ուշ:
Սիրիայի շուրջ եւս մեկ հանդիպում պլանավորված է հոկտեմբերի 30-ին: Դրա ընթացքում կքննարկվի երկրի հումանիտար իրադրությունը, որը, ինչպես հայտարարել է Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը, «անհապաղ արձագանք է պահանջում անկախ Սիրիայում քաղաքական կարգավորման քննարկման հետ կապված դժվարություններից», հաղորդել է ՏԱՍՍ-ը: