Կասպից ծովում երիտասարդ հայուհի է խեղդվել. նա փորձել է փրկել խեղդվող ընկերոջը
Կասպից ծովում, Իրանի Նոուշեհր քաղաքի մոտակայքում օրեր առաջ խեղդվել է իրանահայ Վանե Նովշադյանը: Այս մասին «Արեւելքը» տեղեկություն ստացավ Վանեի ընկերներից, որոնք սգում են նրա մահը:
Վանեն ճանաչված էր եւ շատ ընկերներ ուներ նաեւ Հայաստանում, սովորել է Երեւանի Գեղարվեստի Ակադեմիայում՝ 2003-2008 թվականներին: Ընկերները նրան բնութագրում են իբրեւ կյանքով լի, վառ ու ընկերասեր կերպար. աղջիկը փորձել է օգնել ծովում խեղդվող ընկերոջը, սակայն երկուսն էլ մահացել են: Վանեն 33 տարեկան էր, ամուսնացած չէր, վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում:
Վանեի հուղարկավորությունը կատարվելու է այսօր՝ Թեհրանի «Նոր Բուրաստան» գերեզմանատանը: Ծնողներն ու հարազատները ցավակցություններն ընդունելու են «Րաֆֆի» սրահում: