Տարոն Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման գործում առանձնակի կարևորելով վարչական շրջանների աշխատակազմերի հետևողական ու ամենօրյա աշխատանքը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք: Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովմանն ու բնակչությանը հուզող հարցերին` Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ:
«Երևանի դինամիկ զարգացումն ապահովելու հարցում մենք ունենք հստակ մոտեցում, առաջիկայում Երևանի ավագանու հաստատմանը կներկայացվեն Երևանի զարգացման հնգամյա, ինչպես նաև մեկամյա ծրագրերը, որոնք լիարժեքորեն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք: Ուստի, թիմային աշխատանքի արդյունքում մենք պետք է անենք հնարավորը՝ երևանցիներին ներկայացված բոլոր ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար: Պետք է քաջ գիտակցել, որ այսօր մայրաքաղաքի զարգացման հարցում մեծացել են մեր բնակիչների պահանջներն ու սպասելիքները, ուստի կրկնապատկվել են նաև վարչական շրջանների աշխատակազմերից մեր պահանջները»,- ասել է քաղաքապետը: