
Ռուս սահմանապահները ձերբակալել են Արաքս գետում անօրինական ձկնորսության փորձ արած երկու անձի

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի Արմավիրի սահմանապահ ջոկատի տեղամասում սահմանապահները ձերբակալել են երկու իրավախախտի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Սահմանապահ ուղեկալներից մեկում ահազանգ է ստացվել պետական սահմանի պաշտպանության ազդանշանային համակարգից: Արմավիրի սահմանապահ ջոկատի ծառայողները Հայաստանի ոստիկանության հետ համատեղ իրականացրել են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքները: Դրանց արդյունքում ձերբակալվել են երկու մարդ, ովքեր փորելով ազդանշանային համակարգի տակ և հաղթահարելով ինժեներա-տեխնիկական շինությունները՝ ձուկ որսալու նպատակով գնացել են դեպի Արաքս գետի կողմը:
Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է ռետինե նավակ, ձկնորսական տարբեր պարագաներ: Սահմանային գծում գտնվելու և սիրողական ձկնորսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձերբակալվածների մոտ բացակայել են:
Դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով իրավախախտները հանձնվել են Հայաստանի ոստիկանությանը: