Բաժիններ՝

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 76 մլն դոլար է խնդրել Մյանմայից հարյուր հազարավոր փախստական երեխաներին օգնելու համար

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հոկտեմբերի 2-ին երկրներին եւ մասնավոր դոնորներին խնդրել է շտապ կարգով 76 մլն դոլար հատկացնել Բանգլադեշի հարավում հումանիտար գործողություններ իրականացնելու համար, որտեղ հարյուր հազարավոր փախստականներ են տեղավորվել Մյանմայի՝ բռնությունների աասպարեզի վերածված Ռաքայնի նահանգից։

Ինչպես հայտնել են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, փողերը կօգտագործվեն հարկադիր վերաբնակներին, ինչպես նաեւ նրանց ընդունած համայնքներին աջակցելու համար, որոնց վրա հսկայական բեռ է ընկել: «Ընդհանուր առմամբ օգնություն կստանան 720 հազար երեխաներ»,-ճշտել են Հիմնադրամում:

Ռաքայնում, որտեղ համահավաք ապրում են ռոհինջա ազգության մուսուլմաններ, իրադրությունը կտրուկ սրվել է օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակ» շարժման հարյուրավոր զինյալներ հարձակում գործեցին ոստիկանության 30 հենակետերի վրա: Դրանից հետո հանրապետության անվտանգության ուժերը գործողություն սկսեցին տարածաշրջանում: Ըստ վերջին տվյալների, բախումները ավելի քան 400 մարդու կյանք են խլել, 520 հազարից ավելի բնակիչներ փախել են հարեւան Բանգլադեշ:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալներով՝ փախստականների ավելի քան 60 տոկոսն անչափահասներ են, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս