Մանկական սթրես
Միայն մեծահասակները չէ, որ բախվում են խոցելի իրավիճակների: Դրանց կարելի է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն ամեն տարիք ունի իր համապատասխան բնորոշումն ու սոցիալականացման մակարդակից կախված հակազդումը: Հոգեբանները մանկական սթրեսը համարում են օրգանիզմի պաշտպանական ռեակցիա: Հիմնականում այն նկատելի է երեխայի վարքի կտրուկ փոփոխմամբ: Դիտարկենք մի քանի տարիքային փուլեր՝ իրենց հատուկ սթրեսի առաջացման պատճառներով և արտահայտման ձևերով:
Նորածնային փուլից մինչև 3 տարեկան
Այս տարիքում երեխայի մոտ շատ արագ զարգանում է գլխուղեղը, և հենց այս փուլում շատ կարևոր է ծնողի անմիջական մասնակցությունը երեխայի կյանքում, հատկապես՝ մայրիկի: Փոքրիկի համար հիմնական սթրեսի աղբյուր հանդիսանում է հարազատ մարդու ոչ ճիշտ վարքային մոտեցումը: Դիտարկենք այս տարիքին բնորոշ սթրեսի առաջացման մի քանի պատճառ.
1. Ծնողների հետ շփման սահմանափակում կամ բացակայություն: Փոքրիկին հազվադեպ են գրկում, լացի ժամանակ անտարբեր են, չեն տալիս անհրաժեշտ ջերմություն և սեր: Նման իրավիճակը համարվում է սթրեսային ազդեցություն, որի արդյունքում երեխայի մոտ իջնում է վստահության զգացումը և առաջանում են վախեր:
2. Անսպասելի բաժանում մայրիկից: Եթե երեխային տեղափոխում են ինչ-որ անծանոթ միջավայր, որտեղ չկա իրեն ապահովություն ներշնչող մայրիկը, ապա մանկական սթրեսն անխուսափելի է:
3. Տան անդամների միջև կոնֆլիկտային փոխհարաբերությունները: Շարունակական վեճերը երեխային դարձնում են ավելի խոցելի, և նա կորցնում է աշխարհի հանդեպ վստահությունը: Բացասական են ազդում ամուսնալուծությունները, հարբեցող հարազատի առկայությունը, ծնողի կողմից բռնությունը: Մշտական սթրեսը ազդում է երեխայի զարգացման վրա՝ վնասելով նրա հուզական ոլորտը և իջեցնելով հարմարումը միջավայրին:
4. Նոր հմտությունների յուրացումը: Եթե երեխայի ինքնասպասարկման հմտությունների՝ գդալ բռնելը, գիշերանոթ նստելը, ինքնուրույն լվացվելը և այլ գործողությունների յուրացումը կատարվում է ստիպողաբար, ապա ամեն անգամ դրանց հիշեցումը երեխայի մոտ կառաջացնի սթրես:
Ինչպես օգնել երեխային: Նշենք մի քանի կարևոր քայլեր: Նախ, շտկեք տանը դրսևորվող փոխհարաբերությունները: Միայն այդ քայլը կարող է որոշակի հանգստություն փոխանցել նրան: Այս տարիքում պետք չէ վախենալ գերխնամքից: Մինչև երեք տարեկան երեխան մարմնական շփման կարիք ունի, որքան հնարավոր է՝ շատ գրկեք և փաղաքշեք նրան: Նա կսկսի վստահել աշխարհին: Խոցելի իրավիճակները կարելի է հաղթահարել խաղի միջոցով: Ցանկացած դրական հույզ, որ կառաջանա խաղի ընթացքում, կամրացնի երեխայի անձի զարգացումն ու ինքնավստահությունը:
Սթրեսը նախադպրոցական տարիքում
Երեք տարեկանից հետո երեխաները սկսում են սովորել սոցիալականացմանը: Այս տարիքի երեխաները հաճախում են մանկապարտեզ, շփվում իրենց հասակակիցների և դաստիարակների հետ: Նոր միջավայրը կարող է սթրեսային ռեակցիա առաջացնել երեխայի մոտ: Եթե երեխան մինչ այդ պահը շրջապատված է եղել միայն հարազատներով, և իր շփումը սահմանափակված է եղել այդ մարդկանց շրջանակով, ապա սոցիալականացումը կառաջացնի վախ:
Բացի սոցիալականացումից, սթրեսածին են հետևյալ գործոնները.
- Կենցաղում առաջացած կտրուկ փոփոխությունները, որոնք կարող են պայմանավորված լինել բնակավայրի փոփոխմամբ, ընտանիքում նոր անդամի ի հայտ գալով կամ անդամներից մեկի մահով, և այլն:
- Ընտանեկան վեճեր:
- Անառողջ մրցակցությունն այլ երեխաների հետ:
- Հեռուստացույցի անընդհատ դիտում կամ վաղ տարիքից համակարգչային խաղերով տարվել:
- Տարբեր վախեր, օրինակ՝ ջրից, շնից, ասեղից, և այլն:
Եթե վերացնեք սթրեսի գործոնը, ապա հնարավոր կլինի նախադպրոցական երեխային օգնել հարմարվել նոր պայմաններին: Սակայն այդ տարիքի երեխաները դժվարանում են արտահայտել իրենց զգացմունքները, հետևաբար՝ սթրեսի գործոնի բացահայտումը դառնում է բավական բարդ խնդիր: Նման իրավիճում օգտակար է երեխային հետևել խաղալու ընթացքում կամ նկարելիս, քանի որ խաղալիքների հետ անկեղծ զրույցը կամ նկարված պատկերները կարող են հուշել սթրեսի գործոնի մասին:
Պետք է առավել շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ: Հեռուստացույցը կամ համակարգիչը չեն կարող փոխարինել երեխայի ամենօրյա թանկարժեք շփմանն իր ծնողների հետ: Համատեղ խաղերը, զբոսանքները, հեծանիվ վարելը կամ սովորական զրույցը կարող են վերացնել երեխայի մոտ առաջացող լարված վիճակը: Եթե խնդիրները չեն վերանում, ապա անհրաժեշտ է դիմել մանկական հոգեբանի օգնությանը:
Սթրեսը կրտսեր դպրոցական տարիքում
Այս տարիքում ընդլայնվում են երեխայի շփման սահմանները: Սկսվում է դպրոցական ժամանակաշրջանը: Եթե նախադպրոցական տարիքի երեխան, հաճախելով մանկապարտեզ, ծնողներից բաժանման պատճառով հայտնվում է սթրեսի մեջ, ապա դպրոցում սթրեսի պատճառները կարող են ավելի բազմազան լինել՝ դասարանցիների և ուսուցիչների հետ բարդ փոխհարաբերություններ, դպրոցական ծանրաբեռնվածություն, և այլն:
Բացի նշվածից, սթրեսի առաջացման պատճառ կարող են լինել՝
- Ընտանեկան խնդիրները, ամուսնալուծությունը:
- Բնակավայրի փոփոխությունը:
- Հարազատի մահը:
- Վերապրած վախը:
Ինչպե՞ս է արտահայտվում մանկական սթրեսն այս տարիքում: Երեխան հրաժարվում է գնալ դպրոց, խախտվում է քունը, ախորժակը, նկատվում է անհասկանալի ագրեսիա և տրամադրության անկում: Անհանգստացնող իրավիճակը կարող է հիվանդության տեսքով արտահայտվել՝ ստամոքսի ցավեր, սրտխառնոց, մաշկային հիվանդություններ, կակազում:
Ինչպե՞ս օգնել: Դպրոցահասակ երեխայի հետ աշխատանքը պետք է լինի համալիր: Այս տարիքի երեխաների հետ պետք է շատ խոսել, անկեղծորեն արտահայտել հուզերը, հետևել նրա հուզական դրսևորումներին: Չի խրախուսվում ճնշում գործադրելը, քանի որ նա չի կարող դիմանալ նման հոգեբանական ծանրաբեռնվածությանը:
Առհասարակ, որ տարիքին էլ պատկանի երեխան, նախ և առաջ, հոգեբանական տեսանկյունից ելնելով՝ անհրաժեշտ է ապահովել երեխայի հանգիստ, ապահով և ներդաշնակ մթնոլորտը սեփական տանը: Դա կլինի այն հիմնական կայուն և ամուր հիմքը, որը հնարավորություն կտա երեխային զարգանալ և սոցիալականացվել՝ որպես առողջ և լիարժեք անձ: