Ավտոբուսի չափի աստղակերպ է անցել Երկրի կողքով. NASA
Ավտոբուսի չափի աստղակերպը հոկտեմբերի 1-ին անցել է Երկրից համեմատաբար փոքր հեռավորության վրա՝ չստեղծելով նրա հետ բախվելու սպառնալիք: Այդ մասին հայտնել են NASA-ի Երկնային մարմինների ուսումնասիրման կենտրոնի աշխատակիցները, որը գտնվում է Փասադենայի (Կալիֆոռնիայի նահանգ) Ռեակտիվ շարժման լաբորատորիայում։
Ինչպես նշվում է Կենտրոնի կայքում, աստղակերպը, որին տրվել է 2017 SX17 անվանումը, ունի մինչեւ 14 մետր երկարություն: Այն Երեւանի ժամանակով ժամը 14:20-ին Երկրին մոտեցել է մինչեւ 87 հազար կմ տարածությամբ՝ գտնվելով մոլորակի եւ Լուսնի միջեւ, որը մեր մոլորակից հեռու է 384 հազար կմ:
Այդ աստղակերպը հայտնաբերվել էր միայն սեպտեմբերի 24-ին: Գիտնականների հաշվարկների համաձայն՝ այն Արեգակի շուրջը մեկ պտույտը կատարում է 467 օրում: NASA-ի մասնագետները ներկայում մեծ հետաքրքրությամբ հետեւում են մեկ այլ աստղակերպի՝ 2012 TC4-ի մոտենալուն, որը Երկրի մոտով կսուրա հոկտեմբերի 12-ին 43,5 հազար կմ հեռավորության վրա: Տիեզերական մարմնի տրամագիծը կարող է կազմել 12-ից մինչեւ 27 մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: