
Լաս Վեգասում մարդկանց գնդակահարման մեջ կասկածվողը ինքնասպան է եղել մինչև ոստիկանության ժամանումը

Լույս հոկտեմբերի 2-ի գիշերը Լաս Վեգասում մարդկանց զանգվածային գնդակահարման մեջ կասկածվողը ինքնասպան Է եղել մինչեւ ոստիկանության ժամանումը: Այդ մասին հայտնել է քաղաքի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն, որի ելույթը հեռարձակել է CNN հեռուստաալիքը։
«Մենք կարծում ենք, որ նա (կասկածյալը) ինքնասպան է եղել մինչեւ մեր ժամանումը»,-ասել է ոստիկանապետը: Հայտնի է նաեւ, որ ոստիկանությունը տասը միավոր հրազեն է հայտնաբերել չարագործի սենյակում:
Լոմբարդոյի խոսքով՝ հանցագործը կրակ է բացել 32-րդ հարկում գտնվող համարից: «Երբ ոստիկանությունը մտավ հյուրանոցի համար, այնտեղ գտնվող հրաձիգն արդեն մեռած էր»,-ընդգծել է նա:
Վկայակոչելով Լաս Վեգասի հերթապահ ծառայություններից ստացված վերջին տվյալները՝ շերիֆը հայտնել է, որ հրաձգության հետեւանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, տուժել են եւս ավելի քան 400-ը: Համերգին, նրա խոսքով, ներկա է եղել մոտավորապես 22 հազար հանդասական, հաղորդել է ՏԱՍՍ-ը: