
Մարսելում անցորդների վրա հարձակվողը Թունիսի քաղաքացի էր

Հանցագործը, որը հոկտեմբերի 1-ին Մարսելում հարձակում է կատարել անցորդների վրա, Թունիսի քաղաքացի էր: Այդ մասին հոկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսում հայտնել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը։
Նրա խոսքով՝ կայարանում միջադեպի պահին հարձակվողի մոտ չի հայտնաբերվել անձը հաստատող որեւէ փաստաթուղթ: «Բայց նրա անձն արտակարգ պատահարից անմիջապես հետո պարզվել է մատնահետքերով»,-ասել դատախազը: Նա նշել է, որ «ոստիկանությունն իր տրամադրության տակ ունի Թունիսում տրված նրա անձնագրի կրկնօրինակը»:
Դրա հետ մեկտեղ դատախազը նշել է, որ հանցագործի վերաբերյալ մանրամասները դեռ պետք Է ճշտվեն: «Հարձակվողին յոթ անգամ ոստիկանությունը ձերբակալել էր տարբեր իրավախախտումների համար, բայց նա չի եղել հնարավոր ահաբեկիչների քարտադարանում»,-հավելել է Մոլենսը: Իրավապահները կարողացել են հանցագործի մասին տեղեկություններ իմանալ նրա մոտ հայտնաբերված շարժական հեռախոսի օգնությամբ:
Հոկտեմբերի 1-ին չարագործը, «Ալլահ աքբար» գոչելով, դանակով հարձակվել է Մարսելի Սեն Շառլ կայարանի անցորդների վրա՝ սպանելով երկու կանանց: Հարձակվողին վնասազերծել է ոստիկանությունը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը հնարավոր է համարել, որ պատահածը ահաբեկչական գործողություն է, սակայն քննիչները դեռ պետք է պարզեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: