Բաժիններ՝

Մեկնարկել է հայ-կանադական ՏՀՏ համաժողովը

Երևանում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է հայ-կանադական Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) համաժողովը, որին մասնակցում են հայկական և միջազգային ՏՀՏ ոլորտի 20-ից ավելի կազմակերպությունների 70 ներկայացուցիչներ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ հայ-կանադական ՏՀՏ համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։

Այն նպատակ ունի քննարկելու և ներկայացնելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները, գտնելու միջազգային համագործակցության նոր հնարավորություններ։
Ներկաներին ողջունեց Մոսկվայում Կանադայի դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով նախարար-խորհրդական Անիկ Գուլեն։
Նա նշեց, որ այս համաժողովն անցկացնելու գաղափարը ծնվել է դեռևս մեկ տարի առաջ, և համաժողովի անցկացմանն աջակցելու համար շնորհակալություն հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին։

Նրա խոսքով՝ երկու պետությունների կառավարությունները լուրջ ուշադրություն են դարձնում այս ոլորտին, այն տնտեսության հենասյուներից է և մեծ ապագա ունի։

Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Կանադայի դեսպանատանը համաժողովի կազմակերպման և անցկացման համար։ Նախարարի տեղակալը ներկայացրեց հայկական ՏՀՏ ոլորտի ձեռքբերումներն ու հնարավորությունները, հույս հայտնեց, որ համաժողովը կնպաստի այս ոլորտում հայ-կանադական գործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը։

«Հայաստանի և Կանադայի ՏՀՏ ընկերությունների փորձը հնարավոր է օգտագործել երկու երկրների համար։ Կարևոր է գտնել այն բանաձևը, թե որտե՞ղ և ինչպե՞ս կարող ենք համագործակցել։ Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի աջակցենք ՏՀՏ նախաձեռնություններին՝ լինի դա պետական թե մասնավոր մակարդակներում»,- ասաց Բորիս Դեմիրխանյանը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս