«Եվրամիության և Հայաստանի հարաբերություններն ավելի են բարելավվել»
Եվրամիությունը Հայաստանին օգնելու է բարելավել կարգավորման դաշտն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առեւտուրը, ծառայությունները, ձեռնարկությունների ստեղծումը ու գործունեությունը, պետական գնումները եւ այլն: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
«Եվրամիությունը լուրջ աջակցություն է ցուցաբերելու տնտեսավարող սուբյեկտներին, բիզնեսներին»,- նշեց Յոհաննես Հանը՝ ընդգծելով, որ առաջիկայում ակնկալվող արդյունքներից մեկը լինելու է տեղական արժույթով վարկերի տրամադրման հնարավորության նախաձեռնությունը, որն ըստ նրա՝ հատկապես կարեւոր է փոքր եւ միջին բիզնեսների համար, որոնք չունեն արտարժույթով աշխատելու փորձ:
Անդրադառնալով առաջիկայում Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին՝ նա նշեց, որ այն ցույց է տալիս, որ Եվրամիության բոլոր անդամ պետություններն են հանձնառություն ստանձնել Արեւելյան հարեւանության հետագա զարգացմանը, ինչի մասին փաստում է գագաթնաժողովի անցկացումը հենց Բրյուսելում:
«Ես կարող եմ հաստատել, որ Եվրամիության եւ Հայաստանի հարաբերություններն ավելի են բարելավվել: Կարծում եմ՝ այս տարի անցկացված ընտրությունները դրա վկայությունն են: Իհարկե, ինչպես միշտ լրացուցիչ առաջընթացի հնարավորություն կա, ինչին եւ պետք է հասնել: Բոլորիս շահերից է բխում, որ լինի կայուն եւ բարեկեցիկ հարեւանություն, քանի որ դա կբերի խաղաղություն եւ բարեկեցություն: Դրանով նաեւ հետաքրքրված են քաղաքացիները եւ արժանի են դրան»,-եզրափակեց Յոհաննես Հանը:
Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: