
Կատալոնիայի հանրաքվեն անօրինական էր. Եվրահանձնաժողով

Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին անցկացված հանրաքվեն անօրինական էր: Այդ մասին հոկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Իսպանիայի Սահմանադրության համաձայն՝ Կատալոնիայում կայացած երեկվա քվեարկությունն անօրինական էր»,-ասել է նա:
Սհինասի խոսքով՝ Եվրահանձնաժողովը քանիցս ընդգծել է, որ «Կատալոնիայի իրադրությունը Իսպանիայի ներքին հարցն է, որը պետք է լուծվի Իսպանիայի սահմանադրական կարգին համապատասխան»:
«Մենք նաեւ հաստատում ենք Եվրահանձնաժողովի օրինական դիրքորոշումը. եթե հանրաքվեն անցկացվեր Իսպանայի Սահմանադրությանը համապատասխան, ապա անջատվող տարածքը կլքեր Եվրամիությունը»,-նշել է նա:
Սհինասը նաեւ հայտնել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հոկտեմբերի 2-ին Կատալոնիայի իրադրությունը քննարկելու է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: