
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահն առաջին անգամ կայցելի տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերն այս շաբաթ կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին: Տարածաշրջանում գտնվելու ընթացքում պ-ն Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաև կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների: Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
«ԱՄՆ-ն պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Որպես ԱՄՆ համանախագահ՝ պարոն Շեֆերը պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում. այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները»,- ասվում է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ: