«Իրավիճակը վերին աստիճանի վտանգավոր, պայթյունավտանգ է». Լարիսա Ալավերդյան

«Բավականին հստակ ոճ է ձևավորվել թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի կողմից, դա բազմաշերտ և ժամանակին համահունչ քաղաքական խաղն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Էրդողան-Պուտին հանդիպման մասին:

Նրա խոսքով՝ այս երկու պետություններն էլ կարողանում են ցույց տալ, որ իրենք բավականին հմուտ խաղացող են. «Ես համաձայն եմ, որ կա  մի ժամանակ, որ մենք պետք է կարողանանք վերին աստիճանի նրբանկատությամբ քայլեր ձեռնարկել, եթե պասիվություն է, դա պետք է լինի ակտիվ պասիվություն, այսինքն՝ ուժերի, հմտությունների կուտակում: Ինչքան էլ տարօրինակ է, մենք պետք է հասկանանք, որ փոքր երկրները, ինչպես նաև չճանաչված սուբյեկտները կամ նրանք, ովքեր հիմա մտնում են նոր խաղի մեջ, կարող են վերին աստիճանի որոշիչ դերակատարություն ունենալ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ համաշխարհային մակարդակով: Այսինքն՝ այս թիթեռնիկի էֆեկտ կոչվածն այսօր ավելի քան արդիական է: Մի փոքր թեքումը մի կողմի վրա՝ կարող է բերել բավականին մեծ, խոշոր փոփոխությունների տարածաշրջանում»:

Լ. Ալավերդյանը նշեց, որ, եթե մենք նայում ենք ռուս-թուրքական հարաբերություններին առանձին վերցված, դա մի բան է, բայց եթե նայենք, թե ինչ է կատարվում ընդհանուր առմամբ, ապա պետք է ասել, որ պատերազմների վտանգն ավելի մեծանում է, որովհետև զենքի ավելի մեծ կուտակումներ են տեղի ունենում. «Իրավիճակը վերին աստիճանի վտանգավոր, պայթյունավտանգ է: Այդ առումով ճիշտ են այն հայտարարությունները, որն արեց Հայաստանի Պաշտպանության նախարարը, որն ասաց, որ շարունակելու ենք թե՛ զենքի գնումները, թե՛ արդյունաբերությունը զարգացնելը: Այսինքն՝ մենք հասկանում ենք, որ մտնում ենք վերին աստիճանի վտանգներով լի ժամանակահատված: Հայաստանը պետք է անընդհատ իր բոլոր շերտերով խոսի խաղաղության մասին: Մենք պետք է հստակեցնենք, որ կան վեճեր ու այդ վեճերը շատանում են: Միաժամանակ պետք է պատրաստ լինես, որ քո կողքին կարող են ծագել զինված բախումներ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս