
«Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից». Յունկեր

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից: Այս մասին Յունկերը խոսել է գերմանական Bild պարբերականի հետ զրույցում՝ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին:
Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ չպետք է թույլ տալ, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացում գրանցված անհաջողությունները բարդվեն Եվրամիության վրա: «Թուրքիայում մի ստվար զանգված կա, որը կողմ է Եվրոպային: Մենք պետք է ավելի ուժեղացնենք այդ հատվածին և չհիասթափեցնենք նրանց»,- հայտարարել է Յունկերը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե երկիրն այլևս չունի Եվրամիությանն անդամակցության կարիքը, սակայն գործընթացին վերջ դնող կողմն իրենք չեն լինելու: «Ուզում եմ բացահայտ ասել հետևյալը. գործընթացն ավարտողը, դրանից հրաժարվողը մենք չենք լինելու: Բացի այդ, մենք արդեն չունենք Եվրամիությանն անդամակցության կարիքը»,- ասել էր նա: