Լաս Վեգասում անհայտ անձը կրակ է բացել երաժշտական փառատոնի մասնակիցների վրա
Ամերիկյան Լաս Վեգասի ոստիկանությունը հետաքննում է հրաձգության հետ կապված միջադեպը քաղաքի խոշորագույն խաղատներից մեկի մերձակայքում։
«Մենք հետաքննում ենք Mandalay Bay Casino խաղատան մերձակայքում տեղի ունեցած հրաձգության վերաբերյալ հաղորդումները»,- ասված է ոստիկանության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: Hollywood Reporter թերթի տվյալներով՝ տուժել է առնվազն քսան մարդ: Ենթադրվում է, որ հրաձիգը կրակ է բացել Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբից: Նա նշան էր բռնել ոչ հեռու տեղի ունեցող քանթրի-երաժշտության փառատոնի այցելուների վրա: Տեղական ԶԼՄ-ները ներկայացնում են ականատեսների պատմածները, որոնք հայտնել են, որ անհայտ անձը «կրակում էր վերեւից» եւ առանց ընդհատման:
Իր հերթին տեղի հիվանդանոցի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք մի քանի մարդ են ընդունել հրազենային վերքերով: Հրաձգության վերաբերյալ հաղորդումներ են ստացվում նաեւ քաղաքի այլ մասերից: Կրակողը հավանաբար փախուստի է դիմել: Ոստիկանությունը փակել է մոտակա փողոցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP