«Ես կրթության նախարարի հետ առանձնազրույց չեմ ունեցել». Սահակ Մինասյան
Կայքերից մեկը գրել էր, թե Շիրակի պետական համալսարանի գործող ռեկտոր Սահակ Մինասյանը նաև Շիրակի մարզի հանրապետական կուսակցության կառույցի ղեկավարն է, ով քավոր-սանիկական հարաբերություններ ունի ԱԺ պատգամավոր կրկին հանրապետական Արման Սահակյանի հետ, զուգահեռաբար` նաև երբեք էլ լավ հարաբերություններ չի ունեցել Շիրակի մարզի նախկին մարզպետ ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանի հետ: Գործող մարզպետն էլ կրկին ՀՅԴ-ական է, ԿԳ նախարարի պորտֆելն էլ պատկանում է ՀՅԴ-ին: Ըստ կայքի՝ Գյումրիում խոսակցություններ են պտտվում, որ ՀՅԴ-ն ունի իր թեկնածուն ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար և ներկայիս գործընթացը բավական օրինաչափ կարելի է համարել հանրապետական Սահակ Մինասյանին, այսպես ասած, «փչացնելու» գործում, հատկապես, որ Սահակ Մինասյանը Հանրապետականի ղեկավար շրջանակներում ունի հնուց եկող խնդիրներ, որոնք ժամանակ առ ժամանակ, ըստ սրացման պարբերականության, նույնիսկ արտացոլվել են մամուլում:
Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ վերջերս Գյումրի այցելած ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանը բավական կոշտ խոսակցություն է ունեցել Ս.Մինասյանի հետ:
Սակայն 168.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի ռեկտորը հերքեց այս տեղեկատվությունը՝ նշելով, որ ինքը նախարարի հետ առանձնազրույց չի ունեցել:
Բուհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ցանկացանք զրուցել նաև Շիրակի պետական համալսարանի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի հետ, սակայն վերջինս նշեց, որ անձնական դրդապատճառներով այսօր չի կարող հարցազրույց տալ:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Շիրակի մարզի դատախազությունում, Դատախազության մասին օրենքի համաձայն՝ կատարվում են ուսումնասիրություններ:
Անահիտ Սիմոնյան