
Իտալացի նախարարը կարծում է, որ Կատալոնիայի հանրաքվեն հակասում է իսպանական ինքնավարության կարգավիճակին

Իտալիայի ինքնավարությունների և տարածաշրջանային հարցերով փոխնախարար Ջանկլաուդիո Բրեսան կարծիք է հայտնել, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն հակասում է ոչ միայն Իսպանիայի սահմանադրությանն, այլև հենց իսպանական ինքնավարության կարգավիճակին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Ես շատ անհանգստացած եմ նրանով, ինչ տեղի է ունենում Իսպանիայում, քանի որ Կատալոնիայի հանրաքվեն հակասում է ոչ միայն Իսպանիայի սահմանադրությանն, այլև հենց Կատալոնիայի կարգավիճակին: Կատալոնիայի ինքնավարության կարգավիճակը նախատեսում է, որ նրանում կարող են փոփոխություններ մտցվել ձայների՝ միայն 2/3 հավանության դեպքում: Եթե դուք առաջարկում եք կարգավիճակի փոփոխության մասին հանրաքվե, ակնհայտ է, որ դա պետք է ստանա ձայների 2/3 հավանությունը, իսկ կատալոնական խորհրդարանը օրենքին հավանություն է տվել ձայների միայն բացարձակ մեծամասնությամբ: Այդ իսկ պատճառով, տեխնիկական տեսանկյունից այդ առաջարկությունը ոչ մի իրավական հիմք չունի»,- կարծում է Բրեսան:
Սեպտեմբերի 6-ին Կատալոնիայի խորհրդարանը հավանության է արժանացրել ինքնորոշման մասին հանրաքվեն: Դրան աջակցել են խորհրդարանի 135 անդամներից 72-ը:
Կատալոնիայի՝ Իսպանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն նշանակված է կիրակի օրը: